Երիտասարդ ընկերնե՛ր։
Ռուսահայ բանաստեղծությունը երեք շրջան է ունեցել։ 1857 թ. ուսանող Ռ. Պատկանյանը— Գամառ Քաթիպան հրատարակել է իր «Ազգային երգարան» անունով բանաստեղծությունների տետրակն ու նրանով սկիզբն է դրել առաջին շրջանի բանաստեղծության։
Նրանից երեսուն տարի հետո, 1887 թվականին ուսանող Հ. Հովհաննիսյանը հրատարակեց իր բանաստեղծությունների առաջին գիրքը, ու սկիզբն առավ երկրորդ շրջանի բանաստեղծությունը։
Հովհաննիսյանից երեսուն տարի հետո էլ, 1908 թվականին դարձյալ ուսանող՝ Վ. Տերյանը հրատարակեց իր «Մթնշաղի անուրջները» ու առաջ եկավ երրորդ, նորագույն շրջանը, որի մասին հանդիսավոր ու հավաքական կերպով խոսում ենք էսօր Հայ Գրողների Ընկերության մեջ։
Ինչպես տեսնում եք՝ ես ընկնում եմ երկրորդ շրջանի մեջ և կանգնած եմ հին շրջանի ու նորագույնի մեջտեղը։ Մտերիմ ընկերներ եմ անեցել առաջին շրջանի գրողներից, նորագույն շրջանի մեջ էլ ունեմ մոտիկ և սիրելի մարդիկ։ Սա ցույց է տալիս, թե ինչքան նոր է մեր բանաստեղծությունը, որ մի մարդ կարող է ընկերներ ունենալ առաջին գրողներից մինչև նորագույնը։
Անարատ ընկերական սիրո զգացմունքով ու խորին հուզմունքով խոնարհվելով առաջին շրջանի իմ հավերժացած ընկերների հիշատակի առջև՝ ողջունում եմ ձեզ, իմ նոր ընկերներ, որ նոր ոգևորությամբ ու նոր երգերով հայտնվում եք հայոց գրական աշխարհքում։
Հրճվանքով եմ լսում, թե իզուր չեն շրջանները իրար հետևել, և դուք՝ թե արվեստի կողմից, թե հոգեկան ապրումների՝ հանդիսանում եք ձեր նախորդ շրջանների զարգացումը։ Բայց նույնքան հրճվանքով եմ նկատում և մեր հասարակական կյանքի զարգացումը, որի պերճ ապացույցը հենց էսօրվան մեր հանդիսական հասարակությունն է։
Մենք էլ ենք եղել սկսնակներ, բայց մեր գրական կյանքի արշալույսին էս տեսակ հասարակություն, էս տեսակ դահլիճ, էս տեսակ ընդհանրական ուշադրություն չենք տեսել։
Սա էլ ձեզ նման նոր է, մի նոր ժողովուրդ, որ առաջ է եկել էս երեսուն տարվա ընթացքում, մեր աչքի առջև, նոր ճաշակով, նոր բովանդակությամբ, նոր պահանջագրով ու նոր վերաբերմունքով։ Մենք էս տեսակ ժողովուրդ չենք տեսել։ Իսկ մեզնից առաջ, մեր նախորդները ավելի ևս անմխիթար մթնոլորտում են աչքները բաց արել։ Նրանք էլ ասում էին, թե՝ իրենք պետք է գրեին և կարդալ սովորեցնեին, որ իրենց գրվածքները կարդային։ Իրենք պետք է ընթերցողներ պատրաստեն իրենց համար։
Եվ ահա՝ ողջունելով ձեզ, միաժամանակ շնորհավորում եմ, ցույց տալով էս նոր ժողովուրդը, որ էսքան աննախընթաց ոգևորությամբ խառնվում է մեր գրական երեկոներին և նույնիսկ իր ահավոր աղետի օրերում խոսք է անում ու մտածում իր գրականությունը պտշտպանելու մասին։
Նոր են և քննադատները, որ խոսում են ձեզ հետ։
Նորություն է մեր գրականության մեջ նրանց հարգալից վերաբերմունքն ու կիրառած քննադատական մեթոդը։ Հարկավ նրանք կարող են սխալվել իրենց գնահատությունների մեջ, բայց նոր ու շիտակ է նրանց ճանապարհը։ Դուք էլ ուշադիր ու հարգանքով լսեցեք նրանց, օգտվեցեք նրանց դիտողություններից և մի շփոթվեք բնավ, որովհետև ամենից շատ և ամենից լավ բանաստեղծն ինքն է իրեն հասկանում և իր ներքին բնազդն ա ինտուիցիան է իր ամենաուժեղ առաջնորդը։ Համոզված եղեք, որ քննադատը ոչ բանաստեղծ կարող է ստեղծել և ոչ բանաստեղծ կարող է սպանել։ Նա միայն մեկնաբանում, պարզում ու բացատրում է։ Եվ վերջ ի վերջո մի քննադատ կա, որ վերջնականապես որոշում է ապրող և մեռնող գործերը, դա ժամանակն է։
Մի՛ շփոթվեք նաև էն ժամանակ, երբ ազդեցությունների խոսք են անում։ Համաշխարհային գրականության մեջ ոչ մի բանաստեղծ չկա, որ շատ կամ քիչ ազդված չլինի իր նախորդներից։
Ազդեցությանը էն սանդուղքն է, որով սկսնակը բարձրանում է դեպի ինքնուրույնությունը։ Ոչ էլ հուզվեցեք, երբ լավ բանաստեղծություններ շատ չեն գտնում ձեր գրվածքներում։ Լավ բանաստեղծություններ քիչ կան նույնիսկ նշանավոր բանաստեղծների մեջ։ Հիշեցեք Հայնեի խոսքը, որ ասում է թե՝ մեծ բանաստեղծը նա է, որի յոթ գրվածքից մինը լավն է։ Եթե մեծ բանաստեղծը նա է, որի յոթը երգից մինը լավն է, դուք շատ պետք է ուրախ լինեք, եթե ձեր տասնևյոթ կամ քսանևյոթ երգից մինը լավ լինի։ Դրանով էլ դարձյալ կենդանի կմնաք ձեր մայրենի գրականության մեջ։
Խոսքս վերջացնելով՝ կրկին ողջունում եմ ձեզ և ձեզ չեմ ասում՝ բարով եք եկել, ինչպես սովորաբար ասում են ուրիշներին էս հարկի տակ ողջունելիս։ Նրանք դրսից են գալիս, իսկ դուք էս տանիցն եք, էս գերդաստանից և էս տեղից եք մեկնում դեպի կյանք։ Ձեզ ասում եմ՝ բարով գնաք դեպի մեր ժողովուրդն ու աշխարհը, վշտերի, ցավերի, չարիքների ու կարիքների աշխարհը ձեր թարմ ու անկեղծ երգերով, կյանքի լավագույն ձայներով մարդկանց հրապուրելու դեպի ճշմարիտն ու բարին, ազնիվն ու գեղեցիկը։
Առաջադրանքներ
- Ո՞ր գրողների մասին է խոսում Թումանյանը այս հոդվածում։
- Թումանյանը խոսում է երեք ռուսահայ բանաստեղծների մասին՝ Ռուբեն Պատկանյան, Հովհաննես Հովհաննիսյան և Վահան Տերյան։
- Առանձնացրո՛ւ կարևոր միտք արտահայտող հատվածները։
- Ինչպես տեսնում եք՝ ես ընկնում եմ երկրորդ շրջանի մեջ և կանգնած եմ հին շրջանի ու նորագույնի մեջտեղը։ Մտերիմ ընկերներ եմ անեցել առաջին շրջանի գրողներից, նորագույն շրջանի մեջ էլ ունեմ մոտիկ և սիրելի մարդիկ։»
- Թումանյանը ցույց է տալիս իր տեղը գրականության զարգացման մեջ՝ կանգնած լինելով տարբեր շրջանի գրողների միջև։
- Ինչպե՞ս է բնորոշում իր տեղը գրականության զարգացման շրջաններում։
- Թումանյանը իր տեղը գրականության զարգացման շրջաններում բնորոշում է այնպես, որ նա գտնվում է երկրորդ շրջանի՝ Հովհաննես Հովհաննիսյանի շրջանից հետո, բայց միաժամանակ կանգնած է հին շրջանի՝ Ռուբեն Պատկանյանի և նորագույն շրջանի՝ Վահան Տերյանի միջև։
- Ի՞նչ է ասում Թումանյանը ընթերցող- հասարակության վերաբերյալ։
- Թումանյանը ընդգծում է, որ գրականության առաջին փուլերում գրողները պետք է ընթերցողներ պատրաստեին իրենց համար։ Նա նշում է, որ այդ ժամանակներում գրողները չունեին այնպիսի հասարակություն, որը ավտոմատ կերպով հասկանար և գնահատեր նրանց ստեղծագործությունները։ Նրանք պետք էր պատրաստեին իրենց ընթերցողներին՝ նրանց սովորեցնելով կարդալ և գնահատել իրենց գրվածքները։
- Ի՞նչ է ասում Թումանյանը ազդեցության մասին։
- Թումանյանը ընթերցող-հասարակության մասին ասում է, որ նախկինում գրողները ստիպված էին պատրաստել իրենց ընթերցողներին՝ սովորեցնել նրանց, թե ինչպես կարդալ ու գնահատել իրենց գրածները։ Այդ ժամանակ գրողները պետք էր ստեղծեին իրենց ընթերցող հասարակությունը, քանի որ չկար այնպիսի հասարակություն, որը կլիներ պատրաստ կամ հետաքրքրված իրենց ստեղծագործություններով։
- Ի՞նչ է ասում Թումանյանը քննդատության մասին։
- Թումանյանը քննդատության մասին ասում է, որ քննադատներն այժմ նոր են և նրանց մոտ նոր ու շիտակ մեթոդներ են կիրառվում։ Նա ընդգծում է, որ քննադատները կարող են սխալվել իրենց գնահատումներում, սակայն իրենց ճանապարհը նոր է և անկեղծ, իսկ դրա մեջ կա լավ նշույլ՝ քննադատները միայն մեկնաբանում, բացատրում ու պարզաբանում են ստեղծագործությունները։
- Ձեր կարծիքով, ի՞նչ է անհրաժեշտ ժամանակակից գրողներին, ի՞նչ խոհուրդ կտայիք՝ որպես ընթերցող։
- Գրողները պետք է ունենան քաջություն գտնվելու և մնալ, անսասան իրենց արվեստին, նույնիսկ երբ քննադատները կամ հասարակությունը կարող են իրերի շուրջ խոսել կամ գնահատել իրենց աշխատանքները։ Ինքնուրույնություն ու առաջ գնալու կամքը շատ կարևոր է։