ՎԵՐԱԾՆՈՒՆԴ

Դաս 1

ԵԶՐՈՒՅԹՆԵՐ
Վերածնունդ (ֆրանս.՝ Ռենեսանս) — Հասարակական–քաղաքական և մշակութային շարժում. սկսվել է Իտալիայում XIV դարում:
Բարձր Վերածնունդ — Վերածննդի զարգացման բարձրակետը. ընդգրկում է
XV դարի վերջից մինչև XVI դարի կեսերն ընկած ժամանակահատվածը:
Ուտոպիա — Իդեալական հասարակարգի ստեղծման ուսմունք: Այն սովորաբար
անիրատեսական է։

Նոր մշակույթի առաջացման պատմական պայմանները:
Վերածննդի մշակույթի առաջացումը կապված էր քաղաքների և ապրանքադրամական հարաբերությունների զարգացման հետ։ Քաղաքների հարուստ առևտրականներն ու արհեստավորները իրենց հարստության մի մասը ծախսում էին շքեղ պալատներ, շենքեր կառուցելու, երեխաներին կրթության տալու համար։ Աճեց մի շարք մասնագետների՝ ճարտարապետ, ճարտարագետ, նկարիչ, ուսուցիչ, պահանջարկը։ Մինչև նոր մշակույթի երևան գալը միջնադարի մտածողները առավելապես գրում էին Աստծո մասին, իրենց խնդիրն էին համարում դավանաբանական հարցերի պարզաբանումը։
Իտալիայի քաղաքների տնտեսական և մշակութային բուռն զարգացումը փոխեց վերաբերմունքը հոգևոր և աշխարհիկ կյանքի հանդեպ: XIV դարից սկսած՝ փորձեր էին արվում վերականգնելու մոռացության մատնված անտիկ մշակույթը և օգտագործելու դրա կարևոր նվաճումները։

Վերածննդի բովանդակությունը
Սկիզբ առնող նոր մշակույթի ներկայացուցիչները խոնարհվում էին հունահռոմեական արվեստի և գիտության առջև, այն համարում էին մշակույթի «ոսկեդար»։ Վերածննդի գործիչներն ուսումնասիրում էին ոչ միայն Սուրբ Գիրքը, այլև անտիկ հեղինակներին, որոնց
ուշադրության կենտրոնում հիմնականում մարդն էր։ Դասական լատիներենը դարձավ պաշտոնական հաղորդակցության ու գիտության լեզու:Վերածննդի ներկայացուցիչները սկսեցին հետաքրքրություն դրսևորել մարդու և նրա երկրային կյանքի նկատմամբ։ Մարդը դարձավ նոր մշակույթի ուսումնասիրման և ճանաչողության առանցքը։ Այդ պատճառով Վերածննդի գործիչներին սկսեցին անվանել հումանիստներ: Հումանիստներն իրենց հիմնական նպատակը
համարում էին մարդուն ճանաչելը։ Նրանց կարծիքով մարդն ունի արժանապատվություն, անհատական արժեք և ամեն ինչի հասնելու ունակություն: XV դ. հումանիզմը վերածվեց մշակութային շարժման, քանի որ հումանիստներն իրենց գաղափարները տարածում էին հասարակության տարբեր խավերում։ Այսպես սկսեցին վերածնվել անտիկ հասարակության բազմաթիվ արժեքներ։ Ահա թե ինչու XIV–XVII ­դդ. առաջին կեսն ընկած ժամանակաշրջանը ստացավ Վերածնունդ (Ռենեսանս) անվանումը:

Առաջադրանք 1

Սովորել դասը և պատասխանել հարցերին

  1. Ի՞նչ է նշանակում Վերածնունդ:

Հասարակական–քաղաքական և մշակութային շարժում. սկսվել է Իտալիայում XIV դարում:

2. Ովքե՞ր էին հումանիստները:

Հումանիստները Վերածննդի գործիչներն էին։

  • Դաս 2 

Իտալական գրականությունը և արվեստը
Մշակութային այս նոր մոտեցումների հիման վրա բուռն զարգացում ապրեցին իտալական գրականությունը, արվեստը և գիտությունը։ Վերածննդի գրականությունը հիմնադրել են «Ֆլորենցիայի երեք լուսատուները»՝ Դանտե Ալիգիերին,Ֆրանչեսկո Պետրարկան և Ջովանի Բոկաչչոն: Դանտեն աշխարհին հայտնի է իր «Աստվածային կատակերգություն» պոեմով։ Պետրարկան առաջինն էր, որի պոեզիան ամբողջովին նվիրված էր մարդուն։ Նրա գաղափարները շարունակեց Բոկաչչոն։
Այսպես կոչված Բարձր Վերածննդի աշխարհահռչակ ստեղծագործողներ են Լեոնարդո դա Վինչին, Միքելանջելո Բուոնարոտին և Ռաֆայել Սանտին։ Բարձր Վերածննդի դարաշրջանում մեծ զարգացում ապրեց նաև փիլիսոփայական և քաղաքագիտական միտքը։ Սոցիալական հավասարության և արդարության գաղափարները տեղ են գտել հումանիստ Թոմազո Կամպանելայի «Արևի քաղաքը» ուտոպիական ստեղծագործության մեջ։
Իտալիայի վերամիավորման և պետության կառավարման հարցերին էին նվիրված Նիկոլո Մաքիավելու «Տիրակալը» և «Ֆլորենցիայի պատմությունը» աշխատությունները։ Մաքիավելու նպատակը միասնական ու անկախ Իտալիայի ստեղծումն էր։ Նրա կարծիքով այս նպատակին հասնելու համար չպետք է կանգ առնել բռնության, կեղծիքի և դաժանության առջև։ «Նպատակն արդարացնում է միջոցները»,— ասում էր նա։
Վերածննդի մշակույթը մեծ դեր է խաղացել իտալացիների պատմության մեջ։ Ներքին կռիվներից և օտարերկրյա տիրապետությունից թուլացած Իտալիայում նոր մշակույթի հիման վրա սկսեց զարգանալ ազգային միասնության գիտակցությունը։ Սակայն այդ ժամանակ չկային Իտալիան միավորող ուժեր, ուստի երկիրը դեռ երկար ժամանակ մնաց մասնատված։

Հյուսիսային Վերածնունդը
Վերածնունդը Իտալիայից տարածվեց եվրոպական մյուս երկրներում, որոնք հիմնականում ընկած էին Իտալիայից հյուսիս: Այդտեղի նոր մշակույթը ստացել է Հյուսիսային Վերածնունդ ընդհանրական անվանումը: Դրա նշանավոր գործիչներից էր նիդերլանդացի
Էրազմ Ռոտերդամցին: Նրան մեծ հռչակ բերեց «Գովք հիմարության» երգիծական ստեղծագործությունը: Նա ծաղրի է ենթարկում եկեղեցու քարացած կանոնները և
մարդկանց արատները: Նշանավոր հումանիստ էր անգլիացի Թոմաս Մորը: Նա հայտնի դարձավ «Ուտոպիա» գրական ստեղծագործությամբ: Զարգացում ապրեց նաև Հյուսիսային Վերածննդի
արվեստը: Այդ բնագավառում հատկապես մեծ հռչակ էին վայելում Ալբրեխտ Դյուրերը, Ռեմբրանդտը և Պիտեր Բրոյգել Ավագը: Այսպիսով՝ Վերածննդի դարաշրջանում սկսեց ձևավորվել եվրոպական նոր մշակույթը:

ԲԱՌԱՊԱՇԱՐ
Հումանիստ — Մարդասեր:
Դանտե Ալիգիերի — Իտալացի բանաստեղծ Ֆլորենցիա քաղաքից
(1265–1321 թթ.)։ Կա տեսակետ, որ նրանով է սկզբնավորվում Վերածնունդը։Դանտեի գլուխգործոցը՝ «Աստվածային կատակերգությունը», համարվում է իտալերենով գրված ամենանշանավոր գրական գործը և համաշխարհային գրականության գլուխգործոց
Ֆրանչեսկո Պետրարկա — Իտալացի բանաստեղծ Ֆլորենցիա քաղաքից, համարվում է առաջին հումանիստ հեղինակը (1304–1374 թթ.)։
Ջովանի Բոկաչչո — Իտալացի գրող Ֆլորենցիա քաղաքից (1313–1375 թթ.)։Բոկաչչոյի «Դեկամերոն» ստեղծագործության մեջ տեղ են գտել իրական կյանքից վերցրած հետաքրքրաշարժ փոքրիկ պատմվածքներ։ Հեղինակի կարծիքով մարդկային արժանապատվությունը պայմանավորված է ոչ թե ծնունդով, այլ բարոյական
կատարելությամբ և փառավոր գործերով։

Լեոնարդո դա Վինչի — Իտալացի նկարիչ, գիտնական (1452–1519 թթ.)։Լեոնարդո դա Վինչին հանճարեղ գեղանկարիչ է,հայտնի է իր «Ջոկոնդա» («Մոնա Լիզա») նկարով
և «Խորհրդավոր ընթրիքը» որմնանկարով, որոնք Վերածննդի կերպարվեստի բարձրագույն նվաճումներից են։ Նա նաև նշանավոր գիտնական էր։ Ստեղծել է թռչող սարքերի և ստորջրյա լողացող մեքենաների ուրվագծեր։

Միքելանջելո Բուոնարոտի — Իտալացի հռչակավոր քանդակագործ, նկարիչ և
ճարտարապետ (1475–1564 թթ.)։«Դավիթ», Միքելանջելոյի մարմարյա ստեղծագործությունը, գտնվում է Ֆլորենցիայում։Պիետա (Միքելանջելո), Միքելանջելո Բուոնարրոտիի ստեղծագործությունը, որը գտնվում է Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում։Միքելանջելոյի ամենահզոր ստեղծագործություններից են համարվում Վատիկանի Սիքստինյան մատուռի պատկերազարդումները (1508-1512 թթ.): Ստեղծագործական ու ֆիզիկական ահռելի տառապանքների գնով, որոնք ձգվել են չորս տարի, նա մատուռի առաստաղն ու պատերի վերնամասերը զարդարել է աստվածաշնչյան թեմաներով արված հիրավի հոյակապ բազմաթիվ պատկերներով, որոնք տրամաբանական դասավորվածություն ունեն։ 
Ռաֆայել Սանտի — Իտալացի նկարիչ և ճարտարապետ (1483–1520 թթ.)։Ռաֆայելի բազմաթիվ «մադոննաները» (Տիրամայր) գովերգում են կնոջ գեղեցկությունն ու մայրական քնքշանքը։ «Սիքստինյան Տիրամայրը» նրա ամենահայտնի կտավն է։ Նրա մասին. «Ի ծնե օժտված լինելով համեստությամբ և բարությամբ, որը սոսկ հազվադեպ է հանդիպում մարդկանց մեջ,
նա իր ազնիվ բնավորությանը միացրել էր իբրև գեղեցկագույն զարդարանք նրբագեղ բարեհամբույրությունը, որը երևան էր բերում իր փաղաքշանքը և հաճելիությունը բոլոր մարդկանց նկատմամբ վարմունքում և բոլոր կարգի գործերում»
Ռեմբրանդտ — Հոլանդացի աշխարհահռչակ նկարիչ (1606–1669 թթ.)։Անառակ որդու վերադարձը, Ռեմբրանդի հայտնի ստեղծագործություն, հիմնված համանուն առակի վրա, ցուցադրված է Էրմիտաժում։
Ալբրեխտ Դյուրեր — Գերմանացի նկարիչ, փորագրիչ (1471–1528 թթ)։«Մելանխոլիա», գերմանացի նկարիչ Ալբրեխտ Դյուրերի փորագրությունը։ Ավարտել է 1514 թվականին։ Սա Դյուրերի ամենախորհրդավոր աշխատանքներից է, աչքի է ընկնում մտքերի բարդությամբ և խորությամբ, խորհրդանիշների առատությամբ։ Աղոթող ձեռքեր,
Պիտեր Բրոյգել Ավագ — Ֆլամանդացի նկարիչ (մոտ 1525–1569 թթ.)։

Առաջադրանք 2

>Սովորել դասը

Լրացուցիչ աշխատանք

>Ինքնուրույն հետազոտի՛ր և ներկայացրո՛ւ Վերածննդի դարաշրջանի քո նախընտրած գործչի
մասին և ներկայացրո՛ւ:

Վստահությամբ կպատմեմ Վերածննդի դարաշրջանի ամենամեծ հանճարներից մեկի՝ Լեոնարդո դա Վինչիի մասին, որն անխոս մեծ ազդեցություն է ունեցել արվեստի, գիտության և տեխնոլոգիայի ոլորտներում:

Կենսագրություն

Լեոնարդո դա Վինչին ծնվել է 1452 թ. ապրիլի 15-ին Իտալիայի Վինչի գյուղում, Ֆլորենցիայի մոտակայքում։ Նա իր ժամանակի համար բացառիկ ուսում ստացավ՝ սովորելով նկարչություն, քանդակագործություն, անատոմիա, ճարտարագիտություն, ճարտարապետություն, ֆիզիկա և մեխանիկա: Դա Վինչին միաժամանակ գիտնական էր և արվեստագետ, ինչը նրան դարձնում էր իր ժամանակի լավագույն բազմագիտակներից մեկը։

Թողնել մեկնաբանություն