ԵԶՐՈՒՅԹՆԵՐ
Կոնսուլություն — Նապոլեոնի իշխանության 1799-1804 թթ. ընդգրկող շրջանի
անվանումը. առաջացել է կոնսուլ (Հին Հռոմի հանրապետության շրջանի
գերագույն պաշտոնը) անունից։
ԲԱՌԱՊԱՇԱՐ
Հաննովերի դքսություն — Գերմանական պետություն Հաննովեր մայրաքաղաքով։ Այստեղից է ծագում Անգլիայում ներկայումս իշխող արքայատոհմը։
Թրաֆալգար — Հրվանդան Ատլանտյան օվիանոսում՝ Իսպանիայի ափին։
Վաթեռլոո — Բնակավայր Բելգիայում՝ մայրաքաղաք Բրյուսելից 20 կմ հարավ։
Էլբա կղզի — Կղզի Տիրրենյան ծովի հյուսիսում՝ Իտալիայից արևմուտք։
Սուրբ Հեղինե կղզի — Կղզի Ատլանտյան օվկիանոսում՝ Աֆրիկայի ափերից ոչ
հեռու։
1799 թ. պետական հեղաշրջումը
Դիրեկտորիան շուտով հայտնվեց ծանր իրավիճակում։ Նապոլեոն Բոնապարտի գլխավորությամբ
ֆրանսիական զորքերի իտալական և եգիպտական արշավանքները ստիպեցին Անգլիային, Ռուսաստանին և Ավստրիային Ֆրանսիայի դեմ դաշինք ստեղծել։ Դաշնակիցները անցան հարձակման և նույնիսկ Ֆրանսիա ներխուժման սպառնալիք առաջացավ։ Այդ պայմաններում Դիրեկտորիան 1799 թ. կազմակերպեց գործադիր իշխանության փոխանցումը երեք կոնսուլներին։ Առաջին կոնսուլ դարձավ մեծ հեղինակություն վայելող գեներալ Նապոլեոն Բոնապարտը։
Ֆրանսիայում հաստատվեց կոնսուլություն:
Հանրապետությունից դեպի սահմանադրական միապետություն. Նապոլեոնը՝ կայսր
Դառնալով կոնսուլ՝ Նապոլեոնը աստիճանաբար իր ձեռքը վերցրեց ամբողջ իշխանությունը։ Ընդունված երկու սահմանադրությունները (1799 թ. և 1804 թ.) թեև ձևականորեն պահպանում էին հանրապետությունը և իշխանության մարմինների տարանջատումը, բայց իրականում ամրապնդում էին Նապոլեոնի անձնական իշխանությունը:
Փաստացի նա վերադառնում էր դեպի միապետություն։ Փարիզում լույս տեսնող թերթերի մեծ մասը փակվեց, իսկ մյուսները դրվեցին կառավարության վերահսկողության ներքո։ Օրենսդիր մարմիններից դուրս բերվեցին ընդդիմության շատ անդամներ։ Նապոլեոնը
նույնիսկ եկեղեցին կախվածության մեջ դրեց պետությունից. եպիսկոպոսները նշանակվում էին կառավարության կողմից։ Ստեղծվեց հզոր ոստիկանություն։ Նապոլեոնը 1802 թ. հանրաքվեի միջոցով հայտարարվեց ցմահ կոնսուլ, որով նաև իր իշխանության
ժառանգական իրավունք ստացավ։ Նա էր որոշելու, թե ով պետք է ժառանգեր կոնսուլի իշխանությունը իրենից հետո։ Ավելի ուշ նա վերականգնեց ազնվակական տիտղոսները, որոնք չեղյալ էին հայտարարվել Մեծ հեղափոխության ժամանակ։ Այդուհանդերձ, Նապոլեոնը պահպանեց հեղափոխության մի շարք կարևոր նվաճումները։ Դրանք են սեփականության իրավունքը, օրենքի առջև բոլոր քաղաքացիների իրավահավասարությունը։ Կարգավորվեց նաև հարկային համակարգը, մտցվեցին արծաթե և ոսկե մետաղադրամներ (ֆրանկ)։
1804 թ. սահմանադրությունում նշված էր. «Հանրապետության կառավարությունը վստահվում է կայսրին, որը կընդունի ֆրանսիացիների կայսր տիտղոսը»: Դրա հիման վրա նույն թվականի մայիսին Նապոլեոն I–ը թագադրվեց կայսր: Իսկ 1808 թ. Ֆրանսիան պաշտոնապես կոչվեց կայսրություն: Օգտվելով իրեն տրված սահմանադրական իրավունքներից՝ Նապոլեոնը թե՛ կոնսուլության, թե՛ կայսրության տարիներին կյանքի կոչեց բազմաթիվ օրենքներ, որոնք նպաստեցին երկրի հասարակական–քաղաքական և տնտեսական զարգացմանը: Այսպիսով՝ Նապոլեոնի կոնսուլությունը, ապա նաև կայսրությունը հանրապետական և միապետական կառավարման համակարգերի յուրատեսակ միավորում էին։
Advertisement
Նապոլեոնի պատերազմները և «Մեծ տերության» ստեղծումը
Նապոլեոնը նախքան իշխանության գալը սկսել էր լայն նվաճողական պատերազմներ Իտալիայում և Եգիպտոսում։ Ցմահ կոնսուլ հռչակվելուց հետո հարաբերությունները սրվեցին Անգլիայի հետ, որը 1803 թ. պատերազմ հայտարարեց Ֆրանսիային։ Ի պատասխան՝ Նապոլեոնը գրավեց գերմանական Հաննովերի դքսությունը և պատրաստվում էր ներխուժել իր գլխավոր հակառակորդ Անգլիայի տարածք։ 1805 թ. Ֆրանսիայի դեմ ստեղծվեց հզոր դաշինք,
որին մասնակցում էին Անգլիան, Ռուսաստանը, Ավստրիան, Նեապոլի թագավորությունը և Շվեդիան։ Չնայած Թրաֆալգարի ծովային ճակատամարտում ֆրանսիական նավատորմը պարտվեց, սակայն նույն թվականին երկու կարևոր հաղթանակներ տարավ
Ավստրիայի և Ռուսաստանի նկատմամբ։ Իսկ 1806 թ. Նապոլեոնը պարտության մատնեց Պրուսիային, և նրա զորքը մտավ Բեռլին։ Ավստրիան և Պրուսիան պարտավորվեցին խոշոր ռազմատուգանք վճարել։ Ավարտելով հակաֆրանսիական դաշինքի ջախջախումը՝ Նապոլեոնը հայտարարեց Անգլիայի ցամաքային շրջափակման մասին։ Ըստ դրա՝ Ֆրանսիայից կախման մեջ գտնվող բոլոր եվրոպական պետություններին արգելվում էր որևէ կապ ունենալ Անգլիայի հետ։ Դա մեծ վնաս հասցրեց Անգլիային, քանի որ նրա արդյունաբերական արտադրանքի հիմնական շուկան Եվրոպան է։
Ռուսաստանի դեմ արշավանքը և Նապոլեոնի կայսրության անկումը
1812 թ. հունիսին Նապոլեոնը խոշոր արշավանք սկսեց Ռուսաստանի դեմ։ Տանելով մի շարք հաղթանակներ՝ նա սեպտեմբերին մտավ Մոսկվա։Նա նպատակ ուներ խաղաղության պայմանագիր կնքելու Ալեքսանդր I-ի հետ, սակայն նրա կոչը անպատասխան մնաց։ Շուրջ մեկ ամիս անց Նապոլեոնը վերադարձավ իր եկած ճանապարհով։ Նրա մոտ 450
հազար զինվորներից Փարիզ վերադարձավ ընդամենը 25 հազարը։
Ֆրանսիայի դեմ ստեղծվեց նոր դաշինք, որին մասնակցում էին Ռուսաստանը և Պրուսիան։ Չնայած երկու ճակատամարտերում Նապոլեոնի կողմից հավաքված բանակը պարտության մատնեց նրանց, սակայն Ֆրանսիայի ուժերն արդեն սպառվել էին։ 1813 թ. Լայպցիգի
մոտ Նապոլեոնի 160 հազարանոց բանակը պարտություն կրեց դաշնակիցների կրկնակի մեծ բանակից։ Դաշնակիցների ուժերը Բելգիայի վրայով շարժվեցին դեպի Ֆրանսիա և 1814 թ. մարտի 31-ին գրավեցին Փարիզը։ Մի քանի օր անց Նապոլեոնը գահընկեց եղավ և աքսորվեց Էլբա կղզի։
Հաջորդ տարի Նապոլեոնը ձեռնարկեց Ֆրանսիա վերադարձի իր ծրագիրը։ 1815 թ. մարտի 1-ին նա փոքրաթիվ զորքով գաղտնի անցավ Ֆրանսիա և նույն ամսի 20-ին մտավ Փարիզ։ Այս անգամ նրա իշխանությունը տևեց ընդամենը 100 օր։ Հունիսին Բելգիայի Վաթեռլոո գյուղի մոտ ճակատամարտում Նապոլեոնի զորքը պարտություն կրեց անգլո-պրուսական բանակից։ Շուտով նա ձերբակալվեց և աքսորվեց Ատլանտյան օվկիանոսում գտնվող Սուրբ Հեղինե կղզի, որտեղ էլ 1821 թ. մահացավ։ Այսպիսի ավարտ ունեցավ համաշխարհային պատմության ամենահայտնի դեմքերից մեկի՝ Նապոլեոն Բոնապարտի գործունեությունը։
Նախագիծը իրականացվելու է տարբեր աղբյուրներ ուսումնասիրությունների և համացանցի միջոցով:
Վերջնարդյունքը՝ ներկայացնել տեսասահիկի կամ վիդեո նյութի տեսքով։
Նապոլեոն Բոնապարտ․ ճանապարհը դեպի կայսրություն
Սլայդ 1. Ներածություն
- Կարճ կենսագրական տվյալներ
- Նապոլեոնի դերը համաշխարհային պատմության մեջ
Սլայդ 2. Կոնսուլություն (1799–1804)
- Դիրեկտորիայի անկումը
- Նապոլեոնի դառնալը առաջին կոնսուլ
- Կառավարման կառուցվածքի փոփոխությունները
Սլայդ 3. Նապոլեոնը՝ կայսր (1804–1815)
- Սահմանադրական փոփոխություններ
- Թագադրման պահը
- Ներքին բարեփոխումներ (օրենսդրություն, տնտեսություն, կրոն, հասարակություն)
Սլայդ 4. Նապոլեոնի պատերազմները և «Մեծ տերությունը»
- Պատերազմ Անգլիայի, Ավստրիայի, Պրուսիայի, Ռուսաստանի դեմ
- Հռչակավոր ճակատամարտեր (Թրաֆալգար, Աուստերլից, Բեռլին, Լայպցիգ)
- Անգլիայի ցամաքային շրջափակում
Սլայդ 5. Ռուսաստանյան արշավանքը և անկումը
- Մոսկվայի գրավումը
- Դաշինքի ձևավորում Նապոլեոնի դեմ
- Էլբա աքսոր
- Վաթեռլոո և վերջնական պարտությունը
Սլայդ 6. Վերջաբան
- Նապոլեոնի ժառանգությունը
- Նրա ազդեցությունը եվրոպական և համաշխարհային պատմության վրա